ՀՀ կառավարությունը նախատեսում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց տեղամասը վերափոխել անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց պահման վայրի: Կառավարությունը հուլիսի 24-ի նիստի որոշումների մեջ ընդգրկված է փոփոխություններ կատարել 2025 թվականի պետական բյուջեում՝ ուղղված քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանը։
Ըստ նախագծի՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առանց նախապես ֆինանսական միջոցների նախատեսման հայտարարվել է «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԾՁԲ-25/6» ծածկագրով գնման ընթացակարգ։ Դրա արդյունքում 2025 թվականի ապրիլի 22-ին կնքվել է համապատասխան պայմանագիր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ԱՐԽԻ ԹՈՒԼՍ ՍՊԸ-ի միջև։ Պայմանագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գործող կանանց տեղամասի վերակառուցման և հարդարման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայություններ։ Պայմանագրի գումարը կազմում է 1 980 000 դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ծառայությունների ձեռքբերումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անչափահասները և մինչև 21 տարեկան անձինք համարվում են խոցելի խումբ։ Նրանց վերասոցիալականացումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է անազատության մեջ գտնվելու ընթացքում ապահովել նրանց պահումը տարիքային առանձնահատկություններին համապատասխան առանձնացված տարածքում։
Կանանց տեղամասի վերափոխման շրջանակում նախատեսվում է իրականացնել մեծածավալ շինարարական և վերակառուցման աշխատանքներ՝ սանհանգույցների իրականացում անհատական ցնցուղներով, նոր զբոսաբակերի կառուցում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրում, էլեկտրամատակարարման ցանցերի ստեղծում, տանիքում օդատարների իրականացում, ինչպես նաև խցերի, կացարանների և աշխատասենյակների վերակառուցում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 180 000 դրամ։