ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություններից ընդամենը մի քանի շաբաթ անց միլիարդատեր, նրա նախկին թիմակից Իլոն Մասկը հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, հայտնում է BBC-ն:
Ամերիկայի դաշնային ընտրական հանձնաժողովի (FEC) տվյալների բազայում հայտնվել է America Party («Ամերիկա» կուսակցություն) անունով նոր քաղաքական կազմակերպության գրանցման հայտը, որը պատրաստվում է հիմնել Մասկը։ Նա փաստաթղթերում ներկայացված է որպես կուսակցության նախագահի թեկնածու:
Մասկը, միաժամանակ, ներկայացրել է մի քանի հայտ՝ երկուսն ուղղակիորեն America Party անունով (մեկի կրճատումը՝ AMEP, մյուսինը՝ TAP), ինչպես նաև՝ կուսակցության՝ Կոնգրեսի և իր թեկնածության գրանցման համար։ Բացի այդ, տվյալների բազայում գրանցվել են America Party-ի ազգային կոմիտեի ստեղծման, ինչպես նաև X և DOGE անվանումներով կուսակցությունների հիմնման հայտեր։ Վերջին երկու դեպքում նրան առնչվող տվյալներ նշված չեն։ Նշենք, որ X-ը Մասկի սոցիալական ցանցի անունն է, իսկ DOGE-ը համընկնում է նրա վերահսկած Government Efficiency [կառավարության արդյունավետության] վարչության անվան հետ։
Նա հայտարարել է, թե նպատակ ունի քանդել ԱՄՆ «միակուսակցական համակարգը»՝ ակնարկելով դեմոկրատների և հանրապետականների շահերի միաձուլումը։
Մասկը դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Մինչ այդ նա ակտիվորեն աջակցում էր Թրամփին՝ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ նախագահության սկզբում։ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը նաև բացատրել էր, թե ինչու է փոխել իր վերաբերմունքը Թրամփի նկատմամբ՝ նշելով, որ հանրապետական գործչի վարած քաղաքականությունը կարող է հասցնել ԱՄՆ դեֆիցիտը մինչև 2,5 տրիլիոն դոլարի և «տանել երկիրը դեպի դեֆոլտ»։ Սպիտակ տան ղեկավարն, իր հերթին, մի քանի անգամ կոշտ էր արձագանքել Մասկի քննադատություններին՝ հայտարարելով, որ նա առանց սուբսիդիաների հնարավոր է՝ ստիպված լիներ փակել իր գործը՝ վերադառնալով Հարավային Աֆրիկա:






































