«Տաշիր գրուպ»-ին առնչվող քրեական վարույթի շրջանակում կալանավորվածներ կան, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա հստակեցրել է, որ քրեական վարույթով 2 անձ է կալանավորվել, իսկ երկու այլ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Խոսնակը նաև տեղեկացրել է, որ այս պահին 2 անձի կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատական նիստ է ընթանում։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարապետյանի ընտանիքը հունիսի 30-ին ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին:
Armenia Today-ը հուլիսի 2-ին հայտնել էր, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։ ՔԿ-ն ավելի ուշ Armenia Today-ին տեղեկացրել էր, որ խուզարկությունների հիմքում «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն է»։