Middle East Eye պարբերականը տեղեկացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին։
«Փաշինյանը և Ալիևը մտադիր են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին, քանի որ երկու երկրները շարունակում են բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ»,- գրել է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Armenia Today-ը հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն՝ պարզելու՝ այց նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։
ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Երկրների ղեկավարները կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը։
Մայիսի 15-ին Փաշինյանն ադրբեջանցի լրագրողին տված հարցազրույցում վերահաստատել էր, որ հայկական կողմն առաջարկում է միաժամանակ ստորագրել համաձայնեցված խաղաղության պայմանագիր և ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ հայտարարությամբ հանդես գալ՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին: