Իշխանությունները վախեցել են, որ Տաշիր քաղաքից մեծաքանակ ժողովուրդ կգա՝ աջակցելու իրենց համաքաղաքացի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին, ում դատարանը երկու ամսով կալանավորել է, գրել է «Հրապարակ»-ը։
Համաձայն թերթի՝ ճանապարհային ոստիկանությունը հունիսի 18-ին ուժեղացված ծառայություն է իրականացրել Տաշիրից դեպի Երևան տանող ճանապարհին:
Բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երևան գնացող բազում տրանսպորտային միջոցներ, ուղևորներից ճշտել՝ ո՞ւր են գնում, ի՞նչ նպատակով, գրել է լրատվամիջոցը:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին, որը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը՝ իր աջակցությունը հայտնելով եկեղեցուն, ինչից հետո իրավապահները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը, այն անվանել է շինծու և մտադիր է բողոքարկել բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։