«Հայաստան» դաշինքը կապահովի պակասող 28 պատգամավորի ստորագրությունները՝ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար, Armenia Today-ին հայտնեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Դաշինքը պատրաստակամություն էր հայտել «Պատիվ ունեմ» խմբակցության՝ վարչապետի թեկնածուին աջակցելու մասին։
««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար»,- նշեց Օհանյանը։
Ըստ պատգամավորի՝ ստեղծված հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերների հետ պատրաստ են հավելյալ քննարկման:
«Մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը»,- հավելեց նա:
Հայաստանում ընդդիմությունը վարչապետին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնություն էր առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: Ավելի ուշ խմբակցությունը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Համբարձումյանին առաջադրել էր վարչապետի պաշտոնի թեկնածու։ Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ: