Մայիսի 28-ին լրացել է Արցախի նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը, սակայն թեկնածու չի առաջադրվել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով արցախյան իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Արցախի քաղաքական դասի վրա ՀՀ իշխանություններից մեծ ճնշումներ են գործադրվում։ Բացի այդ, Սամվել Բաբայանի թիմն է հրաժարվել նախնական պայմանավորվածությունից և ընտրությանը մասնակցելուց՝ վկայակոչելով ՀՀ իշխանությունների վերջին հայտարարությունները:
Այս ամենը հաշվի առնելով՝ միակ հավանական թեկնածու Սամվել Շահրամանյանը ևս երկմտում է, քանի որ եթե առաջադրվի, իսկ հետագայում Հայաստանի հետ ինչ-որ բան տեղի ունենա, «ողջ պատասխանատվությունն իր ուսերին է ընկնելու»։
Մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը, շաբաթներ առաջ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններով՝ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանին է վերապահված նախագահի ընտրությունը, համաձայն օրենքի՝ 7-օրյա ժամկետում թեկնածուներ պետք է առաջադրվեն, ևս երեք օր էլ սահմանված է նախագահի թեկնածուների ընտրության նպատակով նիստ հրավիրելու համար։
Արցախի ներկայացուցչությունում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում էր տեղի ունեցել Արցախի նախագահ Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի ակտիվիստների մասնակցությամբ։ Քննարկման թեմաներից մեկն Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումն էր։ Նոր Սահմանադրությամբ՝ նախագահին պետք է ընտրի Արցախի խորհրդարանը, քանի որ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։