Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի, հայտնել է ANCA-ն։
«Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորից կազմված միջկուսակցական հանձնախումբը մայիսի 26-ին կմեկնարկի աշխատանքը՝ օժանդակելու Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը։
Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ, ասված է հայտարարության մեջ։
Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը:
Մարտին Շվեյցարիայի դաշնային ժողովի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել էր №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» խորագրով։