Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովը Թել Ավիվում պայմանավորվել է են ընդլայնել համագործակցությունն անվտանգության ոլորտում, հայտնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ անվտանգության ոլորտում Ադրբեջանի հետ կապերը համարվում են Իսրայելի առանցքային ռազմավարական շահը՝ հաշվի առնելով Բաքվի հարևանությունն Իրանին:
Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խոր ռազմավարական դաշինքը ՝ «վկայակոչելով ընդհանուր շահերն ու փոխադարձ վստահությունը»:
Հունվարի 27-ին Jerusalem Post-ը քննադատել էր Իսրայելի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, հատկապես՝ Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիվ քաղաքականության համատեքստում։ ԶԼՄ-ն մտավախություն էր հայտնել, որ Ադրբեջանը կարող է օգտագործել իսրայելական զենք՝ օկուպացված Արցախի սահմաններից դուրս տարածքն ընդլայնելու և «Զանգեզուրի միջանցքը» գրավելու համար, ինչը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը և կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացման։
Ֆրանսիական Intelligence Online հրատարակությունը 2023 թվականի հոկտեմբերին հայտնել էր, որ Իսրայելի աջակցությունը որոշիչ էր սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի հաջողության գործում։ Նրանց տվյալներով՝ վերջին 10 տարիների ընթացքում Իսրայելը 10 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա էր վաճառել Ադրբեջանին։