Արմավիրի մարզի Մերձավան գյուղի դպրոցի տնօրենը, որն աջակցել էր պատմության ուսուցչի դեմ գործադուլին, կազատվի աշպատանքից, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ դպրոցում նոր տնօրենի պաշտոնակատար կնշանակվի։
«Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քննադատել է գործադուլը և զգուշացրել, որ երեխաների մասնակցությամբ միջադեպի տեսանյութերը ներկայումս տարածվում են համացանցում, ինչը կարող է դառնալ նրանց նկատմամբ հալածանքների պատճառ։ Նա նաև կոչ է արել զերծ մնալ ատելություն և անհանդուրժողականություն տարածող արտահայտություններից և վարքագծից։
Մայիսի 13-ին աշակերտները, որոշ ծնողներ ու ուսուցիչներ դասադուլ էին հայտարարել պատմության ուսուցիչ Ռոզա Դավթյանի դեմ, որն, ըստ նրանց, «անպատշաճ վարքագիծ է դրսևորել, վիրավորել» աշակերտներին և ուսուցիչներին, ինչպես նաև «անընդունելի հայտարարություններ» արել արցախցիների մասին։