Կիպրոսի դատարանն ազատազրկման է դատապարտել Հունգարիայի երկու քաղաքացու, որոնք անշարժ գույքի ոլորտում որպես միջնորդ աշխատել են այն տարածքում, որը 1974թ․ Թուրքիայի կողմից զավթվել է և ներկայում վերահսկվում է Թուրքիայի կողմից, հայտնում է Reuters-ը։
Կանայք զբաղվել են ծովափնյա անշարժ գույքի գովազդով և գնորդների որոնմամբ՝ առանց սեփականատերերի համաձայնության։ Տարածքը, որտեղ իրականացվել է գործարքը, միայն Թուրքիան է ճանաչում որպես «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»։
Reuters-ի գնահատմամբ՝ դատարանի որոշումը, հավանաբար, դժգոհություն կառաջացնի թուրք-կիպոսցիների շրջանում, քանի որ այն առնչվում է զգայուն ու բարդ հարցերի՝ սեփականության իրավունքի կորստին, որն առաջացել է թուրքական ներխուժման և բնակչության ներքին տեղաշարժի արդյունքում։ 1974-ից հետո այդ գույքը բազմիցս վերավաճառվել է, իսկ տարածաշրջանը դարձել է էլիտար ներդրողների համար գրավիչ ուղղություն։
Կիպրոսի քրեական դատարանը կանանցից մեկին դատապարտել է 2,5 տարվա, մյուսին՝ 15 ամսվա ազատազրկման։ Նրանց առաջադրվել են մի շարք մեղադրանքներ, որոնց մի մասը հետագայում հանվել է դատախազության կողմից։