Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» սկսելու մեջ։
«Հայաստանի դեմ մղվում է հիբրիդային պատերազմ, որը ժամանակ առ ժամանակ սրվում է, երբ, օրինակ, ռուսական հեռուստաալիքների տարբեր մեկնաբաններ, և հաճախ, ցավոք, նաև հայկական ազգանունների հեռու-հեռու նշմարում ունեցող մարդկանց միջոցով փորձում են ՀՀ-ում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ են անում», – ընդգծել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանը հայտարարել է, որ մեծ գումարներ են ծախսվում դրսից, այդ թվում՝ «հյուսիսային հարևանից», հավելելով, որ նկատի ունի Ռուսաստանը։
ԱԺ նախագահի կարծիքով՝ երկրում իրավիճակը դրսից անկայունացնելու փորձերը կուժեղանան մինչև 2026 թվականի ընտրությունները, ինչը կհանգեցնի հակառակ արդյունքի՝ «գործող կառավարության վարկանիշը կկրկնապատկվի»։
Միաժամանակ, իշխող ուժի ներկայացուցիչը շեշտել է, որ ինքը չի տեսնում Հայաստանում պետական հեղաշրջման սպառնալիք ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ որևէ այլ երկրից, քանի որ գործող կառավարությունը, նրա համոզմամբ, վայելում է հայ ժողովրդի վստահությունը։
ԱԺ խոսնակը մարտի 4-ին հայտնել էր, որ ՌԴ ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, նախնական տեղեկություններով, ՀՀ կժամանի հունիսի 5-6-ը։ Մարտի 14-ին ՀՀ և ՌԴ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: