Եգիպտոսի Կահիրե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի վեցերորդ փուլում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել, հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
ԿԳՄՍ նախարարությունից հավելել են, որ հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14,700 միավոր և զբաղեցրել առաջին տեղը:
Դավթյանն, այսպիսով, 4-րդ ոսկե մեդալն է նվաճում Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Նա ապրիլի 19-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում դարձել էր Աշխարհի գավաթի հինգերորդ փուլի հաղթող, ինչպես նաև բրոնզե մեդալ էր նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում: Հայ մարմնամարզիկն Աշխարհի գավաթի խաղափուլերի չեմպիոն էր դարձել նաև Կոտբուսում և Ստամբուլում տեղի ունեցած առաջնություններում։
Ապրիլի 26-ին Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ, 17-ամյա Համլետ Մանուկյանն Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի բացարձակ հաղթող էր դարձել, իսկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ էր նվաճել։