Իսպանիայում և այլ երկրներում ճանաչում ձեռք բերած դաշնակահար Էմին Քյուրքչյանն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում, հայտնում է «Արմենպրես»-ը։
Ըստ հրապարակման՝ մենահամերգը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Նա կկատարի Սկրյաբինի, Պրոկոֆևի, Լիստի և Շուբերտի ստեղծագործությունները։
Քյուրքչյանի մեկնաբանությունները բնութագրվում են խորը հուզականությամբ և երաժշտական տեքստի նուրբ ըմբռնմամբ, ինչը նրա յուրաքանչյուր կատարում դարձնում է առանձնահատուկ իրադարձություն: Երաժշտագետները նշում են, որ Էմինը հազվագյուտ շնորհ ունի. նրա կատարումը թափանցում է հոգու մեջ և թողնում անջնջելի տպավորություն։
«Սա իսկական ադամանդ է ժամանակակից դաշնամուրային ասպարեզում»,- գրում են երաժշտագետները։
Դաշնակահարը վաղ մանկությունից դրսևորել է յուրահատուկ երաժշտական ունակություններ։ Սովորելով նշանավոր ուսուցիչների մոտ՝ կարողացել է իր կատարողական ոճում համադրել նրբագեղությունն ու կիրքը, ինչը նրա նվագն իսկապես անմոռանալի է դարձնում։
Համերգը նախաձեռնել է Artis Futura միջազգային հիմնադրամը։