Շաբաթ օրը Սիրիայի Լաթաքիա քաղաքի հարավում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, ևս 18 մարդ վիրավորվել է, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Watan թերթը։
Աղբյուրի տվյալներով՝ զոհվածների թվում հինգ կին և հինգ երեխա կա։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այդ տվյալները նախնական են, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են»: Փլված շենքի փլատակներում դեռ դիեր կան։
Նախօրեին առողջապահության նախարարությունը հայտնել էր 3 զոհի մասին։ Տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղեկատվության համաձայն ՝ պայթյունի պատճառ է դարձել մետաղի ջարդոնի պահեստում մեծ տրամաչափի չպայթած արկի պայթեցումը:
Մարտի 6-ին Սիրիայի արևմուտքում՝ Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում, բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների զինված խմբերի միջև։ Բախումների արդյունքում զոհվել էր ավելի քան 1500 մարդ։
Մարտի 8-ին «Գանձասար»-ը հայտնել էր, որ Լաթաքիայի հայերին հրահանգվել է տներից դուրս չգալ, ավելի ուշ տեղեկացրել Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայի զոհվելու մասին։ «Գանձասար»-ի թղթակից Նաիրի Կարապետյանն Armenia Today-ին հայտնել էր, որ զոհված հայերը պատահական էին հայտնվել կրակոցների վայրում։ Կարապետյանի խոսքով՝ Լաթաքիայում շուրջ 650 հայ ընտանիք է ապրում, հայեր են բնակվում նաև ծովեզրյա Տարտուսում և Բանիասում։