Սիրիայի Լաթաքիա քաղաքում զոհված երկու հայը՝ հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, պատահական են հայտնվել կրակոցների վայրում, Armenia Today-ին հայտնել է Լաթաքիայում «Գանձասար»-ի թղթակից Նաիրի Կարապետյանը։ Նա նաև նշել է, որ հայտնի չէ, թե ում կրակոցներից են հայերը զոհվել։
Կարապետյանի խոսքով՝ Լաթաքիայում շուրջ 650 հայ ընտանիք է ապրում, հայեր են բնակվում նաև ծովեզրյա Տարտուսում և Բանիասում, որոնք ևս փակ են։
«Առաջին օրվանից, երբ բախումներն սկսվեցին, ճանապարհները փակ են։ Երրորդ օրն է՝ ճանապարհները դեռ փակ են։ Լաթաքիա, Տարտուս չի կարող ոչ մեկը ոչ ներս մտնել, ոչ դուրս գալ»,- մանրամասնել է նա։
Կարապետյանը հավելել է, որ երեկվանից էլեկտրականության չկա, ջրի ճգնաժամ է, փակ են հայկական հաստատությունները։
«Մինչև այսօրվա ժամը 10։00-ն արգելված էր դուրս գալը, այսօր արդեն ժողովուրդը մասամբ դուրսն էր։ Խանութների կեսը փակ է, դպրոցները փակ են։ Մինչև իրավիճակը չհանդարտվի, եկեղեցին, դպրոցը, կարծում ենք, չեն բացվի»,- ասել է նա։
«Գանձասար»-ի թղթակիցը նշել է, որ բախումների առաջին օրը՝ մարտի 6-ի գիշերը, կրակոցները քաղաքից դուրս էին լսվում, հետո արդեն կամաց-կամաց մոտեցել են քաղաքի կենտրոնին։
«Սկզբում քաղաքից դուրս էր, քաղաքի շուրջը, հետո արդեն քաղաքի կենտրոն հասան, բայց հայերի թաղամասերից հեռու էին մինչև առաջին օրվա առավոտյան ժամը 11։00-ն։ 12։00-ից հետո վատ էր վիճակը։ Հետո հանդարտություն էր, երեկոյան նորից սկսվեցին կրակոցները, այդ թվում՝ հայկական թաղամասներում»,- պատմել է մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրել է, որ ապահովության ուժեր կան, որոնք փորձում են իրավիճակը կայունացնել, և ցերեկային ժամերին ժողովուրդը, մասամբ, դուրս է գալիս գնումներ անելու։ Կարապետյանը հավելել է, որ բավականաչափ տեղեկություններ չունի, քանի որ չեն կարող դուրս գալ, և բոլոր նորություններն արաբական ալիքներից են իմանում։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն:
Հունվարի 13-ին «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։
Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահի կողմնակիցների զինված խմբերի միջև։ Ամենածանր բախումները տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Մարտի 7-ին նոր իշխանությունները վերահսկողության տակ էին վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով Ասադի զինված կողմնակիցներին։ Բախումների հետևանքով զոհվել էր շուրջ 200 անձ։ Մարտի 8-ին «Գանձասար»-ը հայտնել էր, որ Լաթաքիայի հայերին հրահանգվել է տներից դուրս չգալ, ավելի ուշ տեղեկացրել Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայի զոհվելու մասին։