Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը BBC-ին տված հարցազրույցում երեք կետ է թվարկել Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար, հայտնել է РБК-ն։
Նրա կարծիքով՝ խաղաղությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է. «ուժեղ Ուկրաինա»՝ անհրաժեշտության դեպքում կռվելու ընդունակ, ինչպես նաև ուժեղ բանակցային դիրք, «Եվրոպական տարր՝ անվտանգության երաշխիքներով», ԱՄՆ աջակցություն։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։
Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Բայց նրա հանդիպումը Թրամփի հետ սկսվել էր վիճաբանությամբ՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր: