ՀՀ ՆԳՆ տվյալները հերքում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հայտարարությունները, թե վերջին 4 օրերին ձյան ժամանակ վթարների գրեթե կեսը, խցանումների 80%-ը պայմանավորված էր ավտոմեքենաների ամառային անվադողերով։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հայտնել են, որ փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, որոնցից միայն 1 տրանսպորտային միջոցի դեպքում է ամառային անվադող հայտնաբերվել։ ՆԳՆ տվյալներով՝ 482 պատահարի թվում 8 մեքենայի մոտ ձմեռային մաշված անվադողեր են հայտնաբերվել։
Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը ձմեռային մաշված անվադողերով էին»,- հավելել են ՆԳՆ-ից։
Փետրվարի 24-ի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն Ավինյանը հայտարարել էր, որ ձյան ժամանակ խցանումների 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով, ԱՊՊԱ-ներով։ Արեյանն էլ, հղում անելով պարեկային ծառայությանը, նշել էր, որ ձյան ժամանակ վթարների գրեթե կեսն անվադողների պատճառով էր։
Երևանում փետրվարի 20-ից տեղացող առատ ձյան պատճառով դժվարություններ էին առաջացել հասարակական տրանսպորտով, ավտոմեքենայով տեղաշարժման հետ կապված։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել էր 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։ Եղանակային պայմանների պատճառով դպրոցներում հետաձգվել էին փետրվարի 21-ի դասերը, որոնք վերսկսել էին փետրվարի 24-ին։