ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
Նշվում է, որ զրույցը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ըստ խոսնակի՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների արագ դադարեցման և խնդրի խաղաղ լուծման օգտին։
Պուտինն, իր հերթին, նշել է հակամարտության բուն պատճառներին անդրադառնալու անհրաժեշտությունը և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։
ՌԴ նախագահն ԱՄՆ ղեկավարին հրավիրել է Մոսկվա։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Իրանի միջուկային ծրագիրը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակման, ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունների վերաբերյալ հարցեր։
Թրամփը Պուտինի հետ զրույցն անվանել է «շատ արդյունավետ»։