Դատարանը հունվարի 29-ի նիստում վերացրել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը՝ պահպանելով նրա նկատմամբ կիրառված չբացակայելու արգելքը։
Սարգսյանը ձերբակալվել էր 2024-ի մայիսի 25-ին, իսկ մայիսի 27-ին դատարանը 20 օրով կալանավորել էր նրան։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նա մեղադրվում է խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։
Նախորդ տարվա հունիսի 13-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
Հուլիսի 16-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի նախկին քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Հուլիսի 19-ին դատարանը Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն էր սահմանել՝ սահմանափակելով նրա տեղաշարժման և գործողությունների ազատությունը: Դեկտեմբերի 24-ին նրա նկատմամբ «ծանրացնող հանգամանքներով խարդախության» մեղադրանքը փոխվել էր «ինքնիրավչության» մեղադրանքի։