Բաքվի ռազմական դատարանը մերժել է հայ գերիներին տնային կալանքի փոխարինելու միջնորդությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հունվարի 21-ի նիստում կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդություններ էին ներկայացրել «մեղադրյալ անձանց մեծամասնության» փաստաբանները, բացի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից:
Այսօր տեղի է ունեցել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նիստը: Հաղորդվում է, որ ադրբեջանական դատարանը մերժել է գործին ծանոթանալու համար լրացուցիչ 30 օր տրամադրելու վերաբերյալ նրա միջնորդությունը:
Դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Այս գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանին Բաքվի բանտում ցմահ ազատազրկում է սպառնում: