Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների (Մ-17) աշխարհի առաջնության 48 կգ քաշային կարգում հուլիսի 28-ին բրոնզե մեդալակիր է դարձել Արարատ Ավետիսյանը, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ըստ հրապարակման՝ հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում ժամանակից շուտ առավելության է հասել հունգարացի մրցակցի նկատմամբ և կկանգնի պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Հայաստանի հավաքականի մեկ այլ մասնակից Ջանես Նազարյանը դուրս է եկել եզրափակիչ։ Հայ ըմբիշը 71 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում բացարձակ առավելությամբ՝ 8-0 հաշվով, հաղթել է բուլղարացի մրցակցին։ Հուլիսի 29-ին նա կգոտեմարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար։
Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը Բաքվի ազգային մարմնամարզության արենայում անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մրցումները մեկնարկել են հունահռոմեական ոճի գոտեմարտերով, այնուհետև կանցկացվեն կանանց և ազատ ոճի մրցաշարերը։
United World Wrestling-ի տվյալներով՝ առաջնությանը մասնակցում է ռեկորդային 675 մարզիկ՝ 242 հունահռոմեական ոճի ըմբիշ, 191 կին ըմբիշ և 242 ազատոճային։
Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 16 ըմբիշ՝ 10-ը հունահռոմեական, 6-ը՝ ազատ ոճում։






































