Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում հուլիսի 25-ից մեկնարկել է «Համա-Հ․Մ․Ը․Մ․-ական 13-րդ բանակումը», որին մասնակցում է շուրջ 900 մարդ՝ աշխարհի 23 երկրից, հայտնում է Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ)։
«Արարատի համար՝ կանգուն» նշանաբանով անցկացվող բանակումին միացել է 30 պատվիրակություն։ Մասնակիցների թվում են ՀՄԸՄ-ի 26 շրջաննի, ինչպես նաև Իրանի սկաուտական 4 միության սկաուտներ ու մարզիկներ։
Բանակումի երկրորդ օրը մասնակիցները հանդիսավոր երթ են անցկացրել Երևանի կենտրոնում, ապա այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն և Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
ՀՄԸՄ-ի համահայկական բանակումն անցկացվում է 4 տարին մեկ։ Այն նպատակ ունի ամրապնդել ազգային ինքնությունը, հայրենիք-սփյուռք կապերն ու հայ երիտասարդների միջև համագործակցությունը։
Համա-ՀՄԸՄ-ական առաջին ընդհանուր բանակումն անցկացվել էր 1978 թվականին՝ Հունաստանի Կալամոս քաղաքում՝ 226 սկաուտի մասնակցությամբ։ 1994 թվականից բոլոր բանակումներն անցկացվել են Հայաստանում։ Նախորդ՝ 12-րդ բանակումը տեղի էր ունեցել 2023 թվականին՝ Բյուրականում և միավորել էր 26 շրջանի 681 սկաուտի, այդ թվում՝ Իրանի «Արարատ» և «Սիփան» միությունների 29 ներկայացուցչի։ 2018 թվականի 11-րդ բանակմանը մասնակցել էր ռեկորդային՝ 1195 սկաուտ։






































