Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թուրքական կողմին զգուշացրել է զերծ մնալ Իսրայելի դեմ ուղղված քայլերից և «չհասնել այն իրավիճակին, որին հասել է Իրանը»։ Նա այս մասին հայտարարել է իսրայելական «Kanal 14» հեռուստաալիքի եթերում։
Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ իրանական ազդեցության թուլացումից հետո ասպարեզ է գալիս նոր վտանգ։
«Մենք լրջորեն վնասել ենք իրանական առանցքը, բայց ի հայտ եկող «Մուսուլման եղբայրներ» առանցքը կարող է նույնքան վտանգավոր լինել։ Թուրքիան, Կատարը և «Մուսուլման եղբայրները» ոչ միայն աշխատում են Իսրայելի, այլև ալ-Սիսիի և թագավոր Աբդուլլահի դեմ»,- հայտարարել է Կացը։
Նրա խոսքով՝ իրենք չեն կարող թույլ տալ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հզորացնի Սիրիան Իսրայելի դեմ, և իրենք գիտեն, թե ինչպես գործել սեփական շահերից ելնելով։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով ապագայում Իսրայելի և Թուրքիայի միջև հնարավոր հակամարտությանը, նախարարը շեշտել է, որ իրենք հակամարտության մեջ մտնելու որևէ հավակնություն չունեն, սակայն նման նկրտումներ ունի Թուրքիայի նախագահը, ինչն անթույլատրելի է։
«Երուսաղեմը Կոստանդնուպոլիս չէ։ Մենք այստեղ ենք հավերժ, Երուսաղեմը մերն է հավերժ։ Ես առաջարկում եմ Էրդողանին չհասնել այն իրավիճակներին, որոնց հասել է Իրանը»,-նշել է Կացը։
Իսրայելա-թուրքական հարաբերությունները վատթարացել էին Գազայում հրեաների գործողությունների առնչությամբ Թուրքիայի կոշտ հայտարարությունների ֆոնին։ Ի պատասխան՝ Իսրայելը սկսել է Անկարայի հետ հռետորաբանության մեջ վկայակոչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հանգամանքը։





































