Բարսելոնայի մետրոպոլիտենում բռնկված հրդեհը հանգեցրել է քաղաքացիների տարհանմանը, երկաթգծի կենտրոնական հատվածում երթևեկության դադարեցմանը և քաղաքային տրանսպորտի աշխատանքի խափանմանը, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտնել են տեղի լրատվամիջոցները։
Շտապ բժշկական օգնության ծառայությունը օգնություն է ցուցաբերել 137 ուղևորի, որոնցից 131-ը ստացել է թեթև վնասվածքներ, իսկ ևս վեցը գտնվում են միջին ծանրության վիճակում։ 39 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ և անհետաձգելի օգնության կետեր, հայտնել են իսպանական լրատվամիջոցները։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է մետրոյի թունելում։ «Կլոտ» կայարանում, որտեղ գտնվում է նաև «Rodalies» արվարձանային գնացքների հանգույցը, տարհանել են գնացքի կազմը։ Ուղևորները պատմել են, որ թունելում տիրող թանձր ծխի պատճառով գրեթե ոչինչ չէր երևում. գնացքի կանգնելուց հետո մարդիկ ինքնուրույն բացել են վթարային դռները, դուրս եկել գծերի վրա և անցել մոտ 200 մետր մինչև կառամատույց։
Հրդեհն արդեն մարվել է։ Ըստ նախնական վարկածի՝ բռնկման պատճառ կարող էր դառնալ թունելի երեսպատման առարկայի անկումը, որն այնուհետև հրդեհվել է։
«Transports Metropolitans de Barcelona» (TMB) տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Խավիեր Ֆլորեսը հայտարարել է, որ երթևեկությունը կարող է վերականգնվել արդեն հուլիսի 28-ին։






































