Հունաստանում ուժեղ ամպրոպները, որոնք ուղեկցվել են կարկուտով և փոթորկալից քամիներով, հանգեցրել են ծառերի տապալման, էլեկտրամատակարարման խափանումների և ճանապարհային խնդիրների երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ատտիկայի մարզում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Անբարենպաստ եղանակը հաջորդել է եռօրյա՝ մինչև 42 աստիճան տաքությանը։ Օդերևութաբանները ցամաքային և ծովային տարածքներում գրանցել են ավելի քան 100 000 կայծակի հարված։
Հուլիսի 24-ի կեսօրից մինչև հուլիսի 25-ի վաղ առավոտ Ատտիկայի օպերատիվ կենտրոնն ստացել է 940 ահազանգ՝ կապված տապալված ծառերի, շրջված աղբամանների հեռացման և ջրածածկ տարածքներից ջրի հեռացման հետ։
Տարերքը տարբեր շրջաններում վնասներ է պատճառել․ կարկուտ է տեղացել Իլիոնում, Տիրնավոսում և Էլասոնայում, Աթենքի Նեո Պսիխիկո շրջանում կայծակի հետևանքով ընկել է էլեկտրական գրասյուն՝ վնասելով կայանված մեքենաներ։ Պիրեյում շինարարական կախափայտերը փլուզվել են տրամվայի գծերի վրա, սակայն տուժածներ չկան։
Կենտրոնական Հունաստանի Մակրակոմի քաղաքում ուժեղ քամին պոկել է տան տանիքը, որը մոտ 100 մետր հեռավորության վրա հարվածել է էլեկտրահաղորդման գծերին և վնասել մեքենաներ։ Օլիմպոս լեռան վրա ձյուն է տեղացել, իսկ Սալոնիկում ուժեղ անձրևները խնդիրներ են առաջացրել բնակիչների համար։ Հալկիդիկի թերակղզում կայծակի հետևանքով երկու անտառային հրդեհ է բռնկվել։
Եղանակային պայմաններն այժմ աստիճանաբար բարելավվում են, սակայն Հունաստանի օդերևութաբանական ծառայությունը բարձր վտանգավորության մակարդակ է պահպանել Մագնիսիա շրջանում, Սպորադներ, Էվբեա, Թասոս, Լեմնոս և Սամոթրակի կղզիներում՝ հնարավոր նոր էքստրեմալ երևույթների պատճառով։





































