Հակակոռուպցիոն դատարանը վերացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, և անհրաժեշտ չի համարել նրա նկատմամբ որևէ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը։ Վճիռը հուլիսի 24-ին կայացրել է դատավոր Լևոն Պետրոսյանը։
Անդրադառնալով այլընտրանքային խափանման միջոցներին, մասնավորապես՝ տնային կալանքին և վարչական հսկողությանը, դատարանը կիսել է պաշտպանական կողմի մոտեցումը, և արձանագրել է, որ այդ միջոցները ևս սահմանափակում են անձի ազատությունը։
Հաշվի առնելով այն, որ նախկինում ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Ղազինյանի կողմից վարույթի քննությանը խոչընդոտելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, դատարանը որոշել է, որ որևէ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անհրաժեշտություն չկա։
Արձանագրվել է, որ Ղազինյանն ազատությունից զրկվել է այն պահին, երբ դեռևս Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ չի ունեցել։ Սակայն, քրեական վարույթի ընթացքում նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ 2026 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ։
Այս իրավիճակում դատարանը հղում է կատարել Բարձրագույն դատական ատյանների նախադեպային դիրքորոշումներին։ Մասնավորապես, ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ անազատության մեջ գտնվող և պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած, չի կարող պահվել անազատության մեջ և չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ։
Քանի որ Ազգային ժողովի կողմից Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություն կամ համաձայնություն չի ներկայացվել, դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ կիրառված խափանման միջոց կալանքը չի կարող շարունակվել և ենթակա է վերացման։
ԿԸՀ-ն հունիսի 17-ին համաձայնություն էր տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստման համար։ Պաշտպանական կողմը գործը քաղաքականապես մոտիվացված էր որակել և հայտարարել, որ մեղադրանքը հիմնավորող փաստեր չկան։ Ղազինյանին կալանավորել էին հունիսի 18-ին։


































