«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ քաղաքական ուժն աշխատում է Մասիսի համայնքներում գազամատակարարման և տրանսպորտային համակարգի խնդիրների լուծման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ կուսակցությունը շարունակելու է մարզային այցելությունները և հասնելու է բնակիչների բարձրացրած խնդիրների լուծմանը։ Կարապետյանը նշել է, որ Ստեփանավանում կայացած հանդիպումներից հետո բարձրացված չորս-հինգ հարցերից երկուսն այսօրվա դրությամբ արդեն լուծված են, իսկ ևս երկուսը նախատեսվում է լուծել առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում։
Բացի այդ, Կարապետյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Լոռու մարզի համայնքներին փոխանցված գյուղատնտեսական տեխնիկան հին է և բերվել է Ստեփանակերտից։ Նրա խոսքով՝ տեխնիկան 2025 թվականի արտադրության է և գտնվում է Երևանի Չարբախ թաղամասում։
Անդրադառնալով քաղաքական ռազմավարությանը՝ նա ընդգծել է, որ ընդդիմադիր ձևաչափն իրենց համար ժամանակավոր է, քանի որ իրենց նպատակը գործադիր իշխանությունում դրական փոփոխություններ բերելն է։ Խոսելով հնարավոր փողոցային պայքարի մասին՝ Կարապետյանը նշել է․ «Փողոցային պայքարը մոտակա և միջնաժամկետ ժամանակահատվածում երբ որ լինի, կլինի մեկ անգամ և կլինի վերջնական»։
Նա նաև շեշտել է, որ հասարակության ավելի քան 50%-ը ցանկանում է փոփոխություններ։ Ըստ նրա՝ ապագա խմբակցության հիմնական խնդիրներն են լինելու երկրում փոփոխությունների հասնելը և քաղաքացիների առօրյա, «հողի վրա» առկա խնդիրների լուծումը։
Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի բիզնեսների շուրջ ստեղծված իրավիճակը՝ Կարապետյանը քննադատել է իշխանություններին մասնավոր սեփականության իրավունքը խախտելու համար․ «Մարդիկ, որ ասում են Եվրոպական միության հետ ինտեգրացիա ենք ուզում, ԵՄ և ամերիկյան ինստիտուտները նախ և առաջ սեփականության իրավունքի հարգումն են, դատական համակարգի անկախությունը»։ Նրա խոսքով՝ նման գործողությունները վնասում են երկրի ներդրումային միջավայրին։


































