Հունաստանի արտաքին գործերի և պաշտպանության կառավարական խորհուրդը (KYSEA) հավանություն է տվել 4,2 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ սպառազինությունների գնման 11 ծրագրից բաղկացած փաթեթին, հայտնում է Ekathimerini-ն։
Իսրայելական տեխնոլոգիաների հիման վրա «Աքիլլեսի վահան» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության բազմամակարդակ համակարգի ստեղծման նախագիծը դարձել է առանցքային։ Նախագծի արժեքը գնահատվում է 3,1 միլիարդ եվրո։ Համակարգերի մատակարարումները պետք է իրականացվեն պայմանագրի ստորագրման պահից 35 ամսվա ընթացքում։
«Աքիլլեսի վահանի» կազմում կներառվեն իսրայելական Spyder (All In One), Barak MX և David's Sling համալիրները, որոնք պաշտպանություն կապահովեն ավիացիայից, բալիստիկ հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից։ Կուժեղացվեն նաև Էգեյան ծովի արևելյան հատվածի կղզիներում տեղակայված՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի գոյություն ունեցող ոչ կինետիկ համակարգերը։
Սարքավորումներն արտադրվում են Իսրայելում, սակայն բանակցությունների արդյունքում հաջողվել է ապահովել 12 հունական ընկերության մասնակցությունը՝ ավելի քան 700 միլիոն եվրո տեղայնացման բաժնեմասով։ Սա կազմում է նախագծի արժեքի 25%-ը և համապատասխանում է Աթենքի է պաշտպանական պայմանագրերի կնքման պայմաններին։
Փաթեթում ներառված են նաև Պորտուգալիայի հետ միջպետական համաձայնագրի շրջանակում մոտ 600 միլիոն եվրո արժողությամբ Embraer C-390 երեք տրանսպորտային ինքնաթիռ, 145 միլիոն եվրո արժողությամբ VICTA հատուկ նշանակության 10 նավակ, Hellfire հրթիռների պաշարների համալրում՝ 100 միլիոն եվրոյով, ինչպես նաև 70 միլիոն եվրոյով V-BAT լրացուցիչ 10 անօդաչու համակարգ։
Հաստատված այլ նախագծերի թվում են սինթեզված ապերտուրայով ռադիոլոկատորով միկրոարբանյակները, HERON-1 անօդաչուները, բանակի համար գիշերային տեսանելիության սարքերը և Հունաստանի ՌԾՈւ MEKO ֆրեգատների համար նախատեսված 4 հիդրոլոկացիոն համակարգերը։
Ինչպես նշում է Reuters-ը, որոշումն ընդունվել է զինված ուժերի արդիականացման լայնամասշտաբ ծրագրի շրջանակում՝ Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում տարածքային ու ծովային վեճերի պատճառով Թուրքիայի հետ շարունակվող մրցակցության ֆոնին։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ ներկայացրել էր վերազինման երկարաժամկետ ծրագիրը՝ 25 միլիարդ եվրո ծավալով՝ մինչև 2036 թվականը։ Այն նախատեսում է ժամանակակից բազմամակարդակ ՀՕՊ-ի ստեղծում, անօդաչու համակարգերի հնարավորությունների ընդլայնում և ռազմածովային նավատորմի արդիականացում։





































