Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությունից հետո ինքնազգացողության հետ կապված խնդիրներ ունեցող 12 անձից 7-ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել է Salmonella spp․ տեսակի մանրէ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության պատասխանին։
Գերատեսչության տվյալներով՝ բուժհաստատություններից ստացվել է 12 շտապ հաղորդում՝ «Սուր գաստրոէնտերիտ» կամ «Սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշումներով։ 4 անձ հոսպիտալացվել է, սակայն հուլիսի 24-ի դրությամբ՝ բոլորը դուրս են գրվել։
Թերթը նշել է, որ առողջական խնդիրներ ունեցող անձանց մոտ արձանագրվել է լուծ, փսխում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ջրազրկում, ուշագնացություն, մկանային ցավ և ընդհանուր թուլություն։
Առողջապահության նախարարությունը նաև հայտնել է՝ բուժառուներն առավել հաճախ նշել են, որ օգտագործել են հավի միս, սաղմոն, շաուրմա, խոզի միս, ելակ, պաղպաղակ և կոկտեյլ։ Ընդ որում՝ վարակի կոնկրետ աղբյուրը դեռևս պարզված չէ։
ԶԼՄ-ն հավելում է, որ նախարարությունը չի տիրապետում տեղեկատվությանն այն մասին, թե որ կազմակերպությունն է մատակարարել սնունդը միջոցառման համար, իսկ ստուգումների, սանիտարական խախտումների և մատակարարի նկատմամբ հնարավոր միջոցառումների վերաբերյալ հարցերով առաջարկել է դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
ԶԼՄ հրապարակումներից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել էր, որ հուլիսի 14-ի միջոցառման որոշ հյուրերի մոտ նկատվել են սննդային թունավորման ախտանշաններ։
Այս կապակցությամբ դիվանագիտական ներկայացուցչությունը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարություն և հայտարարել, որ ակնկալում է դեպքի պատճառների բացահայտում։
ԶԼՄ հրապարակումներից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել էր, որ հուլիսի 14-ի միջոցառման որոշ հյուրերի մոտ նկատվել են սննդային թունավորման ախտանշաններ։ Այս կապակցությամբ դիվանագիտական ներկայացուցչությունը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարություն և հայտարարել, որ ակնկալում է դեպքի պատճառների բացահայտում։
ՍԱՏՄ-ն հուլիսի 24-ին հայտնել էր, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել էր՝ միջոցառման կազմակերպմամբ զբաղվել է երևանյան Armenia Marriott հյուրանոցը։
Տեսչական մարմնից նշել էին, որ դեպքի մասին տեղեկությունն ստացվել էր միջոցառումից գրեթե 10 օր անց, ուստի սննդամթերքի համապատասխան խմբաքանակն արդեն ամբողջությամբ սպառված էր։ Այնուհանդերձ, ապագայում նման դեպքերը կանխելու և հանրային առողջությունը պաշտպանելու նպատակով Armenia Marriott հյուրանոցում կիրականացվի ստուգում։






































