«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
Փաստաբանի խոսքով՝ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատի հետ, որի տնօրեն Արման Դավթյանն ավելի վաղ ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով։
Խաչատրյանը նոր մեղադրանքն անվանել է «է՛լ ավելի աբսուրդային»։ Նա հայտարարել է, որ 2003 թվականից՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց ի վեր, Ծառուկյանն իր բոլոր բիզնեսները փոխանցել է հավատարմագրային կառավարման և չէր կարող որևէ առնչություն ունենալ դրանց ընթացիկ կառավարման հետ։
Ծառուկյանի պաշտպանը հայտնել է նաև երկու առերեսման անցկացման մասին, սակայն չի բացահայտել դրանց մասնակիցների անունները։
Ծառուկյանի նկատմամբ գործընթացները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարի միջև հեռակա բանավեճի ֆոնին են, որն սկսվել էր Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ միլիարդատեր քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։
Նույն ժամանակահատվածում վարչապետը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետական վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին, որից հետո նախաձեռնվել էին ձեռնարկության գործունեությանը վերաբերող վարույթներ, ավելի ուշ ընկերությունն անցել էր պետության կառավարմանը։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը նույնպես անցել էր Երևանի քաղաքապետարանին։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերությունում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին։
Ծառուկյանը մեղադրվում է նաև ենթադրյալ խոշոր չափերով խարդախության, ապօրինի որսի մեջ։ Այդ քրեական վարույթի շրջանակում նրա առանձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Առյուծներից մեկը չէր արթնացել ուժայինների կողմից քնաբեր դեղամիջոց ներարկելուց հետո։ Նա անցնում էր նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու գործով, այս մեղադրանքն ավելի ուշ դադարեցվել էր դատախազի կողմից՝ ապօրինի լինելու հիմքով։
Խուզարկություններից հետո Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչը հարուցել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։




































