«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկրորդ օրն անընդմեջ գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում՝ հարցաքննության նպատակով։ Ուղիղ հեռարձակումը կոմիտեի բակից՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նախօրեին քննչական գործողությունները տևել են շուրջ ինն ժամ, որի ընթացքում տեղի էր ունեցել Ծառուկյանին վերագրվող խոշոր չափերով խարդախության վարույթով տուժող ճանաչված Իրանի քաղաքացու և ԲՀԿ առաջնորդի առերեսումը։
Այսօր՝ հուլիսի 22-ին, Ծառուկյան պաշտպանական կողմը հայտարարել է քննչական ամբողջ խմբին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ ԲՀԿ առաջնորդի փաստաբաններից մեկին գործընթացից հեռացնելուց հետո։
Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ պաշտպանության կողմը երեկ հարցեր էր ուղղել իրանցուն, որոնք, իրենց համոզմամբ, նախաքննական մարմինը չի տվել։ Նրա խոսքով՝ գործի նյութերը վկայում են ոչ թե այն մասին, որ Ծառուկյանը գումար է հափշտակել, այլ հակառակը՝ հենց նա է գումար տվել, որը հափշտակվել է իրենից։
«Այն անձինք, ովքեր նույնիսկ մեկ դրամ ներդրում չեն կատարել, ճանաչվել են տուժող՝ իբր Ծառուկյանը նրանցից գումար է հափշտակել, մինչդեռ այն հանգամանքով, որ Ծառուկյանը նրանց գումար է տվել, ինքն է մեղադրյալ ճանաչվել»,- երեկ լրագրողներին հայտարարել է Սարգսյանը։
Փաստաբանները նաև հայտարարել էին, որ գործով անցնող իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք։ Նրանք նաև նշել էին, որ իրանցիներն ստորագրել էին պարտավորագիր, որով պետք է երկու տարվա ընթացքում 14,5 մլն դոլարի պարտքը վերադարձնեին ԲՀԿ առաջնորդին։ Հուլիսի 15-ին փաստաբանները նաև իրանական կողմից ստացած փաստաթղթեր էին հրապարակել՝ պնդելով, որ վարույթով Ծառուկյանը պետք է տուժողի կարգավիճակ ունենար։
Սարգսյանի խոսքով՝ հուլիսի 21-ի առերեսման ընթացքում քննիչը որոշ հարցեր «անօրինական կերպով հանել է», ինչի կապակցությամբ իրենք առարկություններ են ներկայացրել։
Մինչդեռ ՔԿ վարկածով՝ Ծառուկյանի և Իրանի մի շարք գործարարների համագործակցությունն օգտագործվել է որպես քող՝ Իրանից Հայաստան 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և այլ ապրանքներ ներմուծելու և դրանք խարդախությամբ հափշտակելու համար։ Ծառուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք անվանելով «սուտ» և «փուչիկ»։
Այսօր՝ հարցաքննության երկորդ օրը, Սարգսյանը հայտնել է, որ իրեն հեռացրել են վարույթից՝ հուլիսի 22-ին մեկնարկած առերեսումից առաջ։
Սարգսյանի խոսքով՝ պատճառը վարույթով անցնող, տուժողի կարգավիճակ ունեցող Իրանի քաղաքացիներից մեկի ցուցմունքն է, որը հայտնել է, թե փաստաբանը Ծառուկյանի հետ ներկա է գտնվել նրանց հետո որոշ հանդիպումների, հետևաբար կարող է հարցաքննվել որպես վկա։
Փաստաբանը որոշումն անվանել է «ապօրինության գագաթնակետ» և պնդել, որ իրեն հեռացրել են, երբ առերեսման ընթացքում իր հարցերը, ըստ նրա, «ջախջախել էին» տուժողի նախորդ ցուցմունքները։ Սարգսյանի խոսքով՝ պաշտպանության կողմն ունի «անհերքելի ապացույցներ», որոնք հերքում են Ծառուկյանի մեղադրանքը։
Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ավելի ուշ հայտնել է, որ երկրորդ օրվա հարցաքննությունը դադարեցվել է պաշտպանական խմբի միջնորդության հիմքով։ Նա հստակեցրել է, որ բացարկի միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող ամբողջ քննչական խմբին։
Խաչատրյանի խոսքով՝ բացարկը ներկայացվել է Սարգսյանին վարույթից հեռացնելու որոշումից հետո։ Նա պնդել է, որ պաշտպանական թիմում աշխատանքի բաժանման համաձայն՝ առերեսման ընթացքում հիմնական հարցադրումները կատարում էր հենց Սարգսյանը, և դրանք, ըստ փաստաբանի, «փլուզում էին մեղադրանքի հիմքերը»։
Փաստաբանի գնահատմամբ՝ քննիչները Սարգսյանին հեռացրել են, քանի որ նրա հարցերը բացահայտում էին, իր խոսքով, գործի հակասություններն ու ապօրինությունները։ Նա նաև հայտարարել է, որ պաշտպանության կողմը բողոքարկելու է Սարգսյանին վարույթից հեռացնելու որոշումը։
Խաչատրյանի խոսքով՝ պաշտպանության կողմը բացարկ է հայտնել ոչ միայն քննիչին, այլև քննչական խմբի ղեկավարին և ամբողջ քննչական խմբին՝ պնդելով, որ նախաքննության ընթացքում արձանագրվել են բազմաթիվ ապօրինություններ, իսկ Ծառուկյանը զրկվում է արդյունավետ պաշտպանության իրավունքից։
Փաստաբանը չի ակնկալում, որ միջնորդությունը կբավարավի, սակայն, ըստ նրա, դրա նպատակը տեղի ունեցած խախտումների արձանագրումն է։
Խաչատրյանը հավելել է, որ Ծառուկյանը կրկին հայտարարել է, թե իր նկատմամբ իրականացվում է «շինծու գործ» և «միակողմանի քննություն», ու պաշտպանական կողմի դիրքորոշմանը համաձայնելով՝ հրաժարվել է մասնակցել հետագա քննչական գործողություններին մինչև բացարկի հարցի լուծումը։
Հարցաքննության երկրորդ օրվա ավարտին Ծառուկյանին աջակիցներն իրեն ՔԿ-ից քրեակատարողական հիմնարկ են ճանապարհել ծափերով։
Ծառուկյանի նկատմամբ գործընթացները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճի ֆոնին են, որն սկսվել էր Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ միլիարդատեր քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։
Նույն ժամանակահատվածում վարչապետը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետական վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին, որից հետո նախաձեռնվել էին ձեռնարկության գործունեությանը վերաբերող վարույթներ, ավելի ուշ ընկերությունն անցել էր պետության կառավարմանը։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը նույնպես անցել էր Երևանի քաղաքապետարանին։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերությունում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին։
Ծառուկյանը մեղադրվում է նաև ենթադրյալ խոշոր չափերով խարդախության, ապօրինի որսի մեջ։ Այդ քրեական վարույթի շրջանակում նրա առանձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Առյուծներից մեկը չէր արթնացել ուժայինների կողմից քնաբեր դեղամիջոց ներարկելուց հետո։ Նա անցնում էր նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու գործով, այս մեղադրանքն ավելի ուշ դադարեցվել էր դատախազի կողմից՝ ապօրինի լինելու հիմքով։
Խուզարկություններից հետո Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչը հարուցել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։
Կարդացեք նաև՝
«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին
«Ծառուկյանը պետք է տուժող լիներ»․ փաստաբանը փաստաթղթեր է հրապարակել
Թարմացված է՝ 21.07.2026 | 15:20





































