Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում ամերիկյան ուժերի տեղակայման երեք ռազմական օբյեկտի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին, հայտնել է Press TV հեռուստաալիքը։
Իրանական կողմի տվյալներով՝ հարվածը հասցվել է «Սաեքե» («Կայծակի հարված») գործողության 19-րդ փուլի շրջանակում։ Տուժածների և հնարավոր վնասի չափերի մասին տեղեկություններ Press TV-ն չի փոխանցել։
Հուլիսի 19-ին իրանական կողմն արդեն հայտնել էր Քուվեյթում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների մասին, որոնց թվում նշվում էին Ալ-Ուդեյրիի ռազմամթերքի պահեստը և Ալի ալ-Սալեմ բազայի հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում էր նաև, որ հարված է հասցրել Քուվեյթի ազգային նավթային ընկերության օբյեկտին։ Նույն գիշերն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր Իրանին հասցված հարվածների նոր շարքի մասին։
Հուլիսի 15-ին ամերիկյան զինվորականները հարձակվել էին Մեծ Թունբ կղզում գտնվող իրանական ափամերձ պաշտպանության ուժերի, պահեստների և թևավոր հրթիռների արձակման կայանքների վրա։ Հուլիսի 18-ին իրանական ուժերը հարվածել էին Բահրեյնում ԱՄՆ-ի «արհեստական բանականության գլխավոր կենտրոնին», հայտարարել էր ԻՀՊԿ-ն։
Դրանից մի քանի օր առաջ Իրանը հայտնել էր միանգամից հինգ երկրում՝ Քուվեյթում, Հորդանանում, Բահրեյնում, Կատարում և Օմանում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ հրթիռային և անօդաչու սարքերով հարձակումների շարքի մասին։ Քուվեյթում թիրախներ էին հայտարարվել Patriot համակարգը, ռազմամթերքի պահեստը և ռազմական ռադարը։ Այս հարձակումներից հետո ԱՄՆ-ն շարունակել էր հարվածներ հասցնել Իրանի տարածքին։






































