Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և այլ միջնորդներ ԱՄՆ-ին ու Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ, հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ամերիկացի անանուն պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն ուսումնասիրում է առաջարկը և Իսրայելին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են «փակել դիվանագիտական պատուհանը»: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պատրաստվում է հնարավոր բանակցությունների ձախողմանը՝ տարածաշրջան ուղարկելով լրացուցիչ ուժեր։
Իսրայելական աղբյուրները պարբերականին հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը գտնվում է «բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստվում է առաջիկա օրերին պատերազմի հնարավոր ընդլայնմանը՝ մինչև լայնամասշտաբ արշավ»։
Axios-ի տվյալներով՝ միջնորդների նոր առաջարկը թույլ կտա դադարեցնել ռազմական գործողությունները, բացել նավագնացությունը Հորմուզի նեղուցով և Վաշինգտոնին ու Թեհրանին «հնարավորություն կտա փրկել քանդվող փոխըմբռնման հուշագիրը»։
10-օրյա հրադադարի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ կվարեն նեղուցով անցումը կարգավորող ավելի երկարաժամկետ համաձայնագրի շուրջ։ Բացի այդ, տարբերակներից մեկն Իրանին թույլ կտա «ողջամիտ վճարներ» գանձել ծովային անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում մատուցվող ծառայությունների համար։
Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և Հորմուզի նեղուցի բացում։ Հուլիսի 13-ին The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը Կոնգրեսին ծանուցել էր Իրանում ռազմական գործողությունների վերսկսման մասին, որից հետո կողմերը պարբերաբար փոխադարձ հարվածներ էին հասցրել։
Հուլիսի 20-ի երեկոյան ԱՄՆ զինված ուժերը հարվածների նոր փուլ էին սկսել Իրանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով թուլացնել Թեհրանի կարողությունները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու հարցում։






































