Մերձավան համայնքի նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Մհեր Ախտոյանը և հայրն արտերկիր մեկնելուց հետո Հայաստան չեն վերադարձել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ախտոյանը Հայաստանը լքել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի կարգավիճակում են նրա ազգական Նարեկ Օհանյանը և սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը։
Թերթի տեղեկությամբ՝ Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու և որդու հետ մեկնել էր արտերկիր։ Նա, ըստ բարեկամների, պարբերաբար Հայաստան է վերադառնում, բայց առանց ամուսնու և որդու։
Ըստ թերթի՝ Հայաստանի իրավապահ մարմինները տեղեկություններ չունեն, թե ինչ է կատարվել Ախտոյանների հետ։ Քննչական կոմիտեից պարբերականին հայտնել են, որ նրանց անհետանալու հետ կապված վարույթ չկա։
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության գործը, ըստ իրավապահ մարմինների, սերտորեն կապված է նույն համայնքի Մերձավան բնակավայրում ամիսներ առաջ տեղի ունեցած մեկ այլ արյունալի միջադեպի հետ:
Դեպքերի շղթան սկիզբ էր առել 2025 թվականի փետրվարի 5-ին, երբ Մերձավանում ավտոմեքենան արագ վարելու պատճառով կենցաղային վեճ էր սկսվել, այնուհետև վերաճել զենքի գործադրմամբ խուլիգանության: Կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ, ինչի հետևանքով սպանվել էր նրա հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը: Այս սպանության կասկածանքով իրավապահները ձերբակալել էին, ապա տնային կալանքի տակ վերցրել Պայքար Գրիգորյանին, որը Փարաքարի մահացած համայնքապետի եղբայրն է։
2025 թվականի մարտին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ Գրիգորյանը, առաջադրվելով «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների կողմից, ընտրվել էր Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Լարվածությունը նոր թափ էր ստացել նույն տարվա աշնանը: 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավան բնակավայրում՝ իր տան մոտ, հրազենային կրակոցներից սպանվել էին Գրիգորյանը ու նրա մտերիմ ընկերը՝ Քրեական ոստիկանության ծառայող Աբրահամյանը, որն այդ պահին ծառայության մեջ չէր։
Դեպքից հետո իրավապահները կալանավորել էին երկու անձի: Նրանցից մեկը՝ Նարեկ Օհանյանը, փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է և նախկին համայնքապետ Ախտոյանի հորաքրոջ որդին: Մյուս կալանավորվածը Նարեկ Օհանյանի ընկերն է՝ Հարությունյանը, որին մեղադրանք էր առաջադրվել սպանությունն անմիջականորեն կատարելու կասկածով։
Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ փետրվարյան և սեպտեմբերյան այս երկու ողբերգական դեպքերն ուղղակիորեն փոխկապակցված են և դիտարկվում են վենդետայի (արյան վրեժի) համատեքստում:
Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Նրա մտերիմ շրջապատն ու թիմակիցներն իրավապահներից պահանջել էին միջոցներ ձեռնարկել և Հայաստան վերադարձնել Ախտոյանին, ում կասկածում են հնարավոր պատվիրատու կամ կազմակերպիչ լինելու մեջ:
Ավելի ուշ Մերձավանում բախում էր տեղի ունեցել Ախտոյանի և Գրիգորյանի հարազատների միջև։
«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով՝ առիթը մեղադրյալներից մեկի՝ Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանի պղծումն էր։ Այդ ժամանակ Գրիգորյանի հարազատները կրկին պահանջել էին Ախտոյանին վերադարձնել Հայաստան՝ հայտարարելով, որ սպանությունից մի քանի օր առաջ նրան օդանավակայան էր ուղեկցել սպանությունը ենթադրյալ կատարողը՝ Հարությունյանը։






































