Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հավանական պաշտոնանկության պատճառը կարող է կապ ունենալ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ նրա կողմից սեփական նախաձեռնությամբ կապեր հաստատելու և կուլիսային պայմանավորվածություններ ձեռք բերելու հետ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ նախընտրական շրջանում Հարությունյանը կուսակցության շահերից ելնելով, փորձել է կապեր հաստատել քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ՝ այդ քայլերը չհամաձայնեցնելով Փաշինյանի հետ։ Բացի այդ, ըստ թերթի, վարչապետի աշխատակազմի ղեկավարը փորձել է հանքարդյունաբերական ոլորտի ընկերություններում տեսչական մարմինների միջոցով վերահսկողության լծակներ ձեռք բերել:
Օրաթերթն անդրադարձել է նաև հուլիսի 9-ին «Հրապարակ» թերթի տեղեկություններին, թե ՔՊ ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «փողերի լվացման» համար փորձել է կապ հաստատել Միացյալ Նահանգների քրեական ենթամշակույթի կրողների հետ, գրելով, որ իշխանական շրջաններից ստացված տեղեկություններով այդ անձը Հարությունյանն է։
Այս գործողությունների հետևանքով, ըստ թերթի, վարչապետը որոշում է կայացրել Հարությունյանին փոխարինել իր գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցով։






































