Մոսկվայի տարածաշրջանը, Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման, հայտնել է ՌԲԿ-ն։
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ քաղաքը ենթարկվել է «ռազմական նշանակության անօդաչու միջոցների զանգվածային հարձակման»։ Նրա խոսքով՝ ՀՕՊ միջոցները խոցել են 72 ԱԹՍ, որոնցից մեկն ընկել է Պետերգոֆում։ Նա հայտնել է, որ զոհեր և ավերածություններ չկան, իսկ հարվածներից մեկը հասցվել է քաղաքի Կիրովյան շրջանում գտնվող նավթային տերմինալի տարածքին։ Բեգլովը նշել է, որ հարվածի տեխնոգեն հետևանքները վերացվել են։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռչել է ավելի քան 200 անօդաչու։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը ՀՕՊ ուժերը չեզոքացրել են հեռավոր մատույցներում, իսկ 62 ԱԹՍ խոցվել է Մոսկվայի մատույցներում։
ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հարձակման ֆոնին` գիշերը, սահմանափակվել էր Ժուկովսկու, Վնուկովոյի և Դոմոդեդովոյի օդանավակայանների աշխատանքը մինչև Մոսկվայի ժամանակով մոտ 07։00-ն։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ մարզի տարածքում ևս հայտարարվել էր անօդաչուների վտանգ։ Նրա տվյալներով՝ սկզբում մարզի երկնքում խոցվել էր մի քանի տասնյակ ԱԹՍ, իսկ բեկորներն ընկել էին Վիսոցկի նավահանգստի շրջանում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 3-ի ժամը 20։00-ից մինչև հուլիսի 4-ի ժամը 07։00-ն ՀՕՊ հերթապահ միջոցները Ռուսաստանի տարածքում և ծովային ակվատորիաներում խոցել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ ինքնաթիռային տիպի։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ակվատորիաների երկնքում։
Հարձակման ֆոնին Ռոսավիացիան գիշերը ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել մի շարք օդանավակայաններում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Իվանովոյի, Վոլգոգրադի, Կազանի, Պենզայի, Պսկովի, Սամարայի, Սարատովի, Սոչիի, Չեբոկսարիի, Բուգուլմայի, Ուֆայի, Ուլյանովսկի, Նիժնեկամսկի, Իժևսկի, Կիրովի, Օրենբուրգի, Պերմի, Նիժնի Նովգորոդի, Կոստրոմայի և Ժուկովսկի օդանավակայաններում։
Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը հայտնել է, որ անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնում է չվացուցակը։ Ժամը 09։24-ի դրությամբ` ավելի քան երկու ժամով հետաձգվել էր 41 չվերթ, իսկ 10 չվերթ չեղարկվել էր։ Ավելի վաղ՝ ժամը 08։00-ի դրությամբ, հետաձգված չվերթերի թիվը 37 էր, չեղարկվածներինը՝ 11, իսկ պահեստային օդանավակայաններից սպասվում էր 10 ինքնաթիռ։






































