Հուլիսի 15-ին Վաշինգտոնում կանցկացվի քաղաքական ահաբեկչությանը հակազդելուն նվիրված գագաթնաժողով, որին ակնկալվում է ավելի քան 60 երկրի պատվիրակությունների մասնակցություն, հայտնել է Reuters-ը։
Գագաթնաժողովը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այն կանցկացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ մայիսին հաստատված ընդլայնված հակաահաբեկչական ռազմավարության շրջանակում։
Ռազմավարության նպատակն է բացահայտել և չեզոքացնել «բռնի աշխարհիկ քաղաքական խմբերին, որոնց գաղափարախոսությունը հակաամերիկյան, արմատական տրանսգենդերային կամ անարխիստական է, այդ թվում՝ Antifa-ին»։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի գործող մեխանիզմները պետք է արդիականացվեն, քանի որ նոր սպառնալիքները նախկինում բավարար չափով չեն գնահատվել։
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է այնպիսի գործողություններին, որոնք համապատասխանում են ահաբեկչության սահմանմանը՝ սպանություններ, առևանգումներ, կառավարության, պետական օբյեկտների և իրավապահների նկատմամբ բռնի սպառնալիքներ, ինչպես նաև հարձակումներ կարևոր ենթակառուցվածքների և զինվորական անձնակազմի դեմ։
«Ահաբեկչության դեմ պայքարի մեր գործառնական համակարգը պետք է արդիականացվի, որպեսզի կարողանանք արձագանքել նման սպառնալիքներին և պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին, ազգային անվտանգությունն ու երկրի շահերը»,- ասել է պաշտոնյան։
Ռազմավարության մասին հայտարարվել էր ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո, երբ Սպիտակ տանը ուժեղացան քաղաքական դրդապատճառներով բռնության դեմ միջազգային համակարգված քայլերի կոչերը։ Միևնույն ժամանակ՝ վարչակազմում ընդգծել են, որ ռազմավարությունը նախատեսում է միջոցներ նաև աջակողմյան խմբերի դեմ, եթե դրանք ներգրավված լինեն բռնի գործողություններում։





































