Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նիստ կանցկացնի, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի մեկ թեկնածու, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քվեարկության ավարտից հետո հանրությանը կտեղեկացնեն ընդունված որոշման մասին։
Փաշինյանը նաև հայտնել է, որ կառավարության անդամների շրջանում կադրային փոփոխություններ չեն նախատեսում։
«Կառավարության անդամների՝ փոխվարչապետների և նախարարների մակարդակով փոփոխություններ չեմ նախատեսում։ Այլ մակարդակներում, կարծում եմ, որոշակի փոփոխություններ կլինեն»,- ասել է վարչապետը։
Հունիսի 12-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ, կպահպանի պաշտոնը 9-րդ գումարման ԱԺ-ում։ Թերթը նշել էր, որ այդ պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում նշվում են գործող ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցի անունները։






































