Ամերիկացի բժիշկ և մարդասիրական գործիչ Մեյբել Էլիոթը 1919 թվականից աշխատել է պատերազմից տուժած Հունաստանում, Թուրքիայում և Հայաստանում՝ օգնելով հայ և հույն փախստականներին ու որբերին, գրել է Greek Reporter-ը։
1919 թվականին Էլիոթը Near East Relief մարդասիրական կազմակերպության կազմում մեկնել էր Մերձավոր Արևելք։ Նրա առաջին աշխատանքային վայրը Մարաշն էր, որտեղ նա հիվանդանոցներ էր հիմնել հայ որբերի և փախստականների համար։
1920 թվականին, երբ Մարաշում ռազմական գործողություններ էին սկսվել, Էլիոթն իր աշխատակիցներին տարել էր անվտանգ տարածք՝ Տավրոսի լեռներով անցնելով ձնաբքի պայմաններում։ Հազարավոր հայեր հետևել էին նրանց, իսկ փախստականներից շատերը սառնամանիքի պայմաններում մահացել էին։
ԱՄՆ կարճատև վերադարձից հետո Էլիոթը 1920 թվականի աշնանը կրկին մեկնել էր Կոստանդնուպոլիս, ապա Իզմիրում հիվանդանոց հիմնել փախստականների համար։ Հույն-թուրքական պատերազմի ընթացքում, երբ թուրքական զորքերը մտել էին Իզմիր, նա բուժել էր հույն և թուրք վիրավոր զինվորներին և մնացել միակ բժիշկը՝ քաղաքից բնակչության մեծ մասի նավերով հեռանալուց հետո։
Հիվանդանոցը վերստին կազմակերպելուց հետո Էլիոթը մեկնել էր Հայաստան՝ Գյումրիում նախկին ռուսական զորանոցներում պահվող շուրջ 20 000 հայ որբերի բուժօգնությունը ղեկավարելու համար։ Այնտեղ բժիշկներն ու բուժքույրերը պայքարում էին տրախոմայի դեմ, որն արագ տարածվում էր թերսնված և հիվանդ երեխաների շրջանում։
1922 թվականին Էլիոթը հրավիրվել էր Շվեյցարիայում կայանալիք բժշկական համաժողովի և նախատեսում էր մի քանի շաբաթ անցկացնել Իտալիայում, ապա վերադառնալ Հայաստան։ Սակայն, երբ մամուլը հաղորդել էր Սմիռնայի հրդեհի մասին, նա Իտալիայից մեկնել էր Աթենք՝ ճգնաժամի հետևանքով տուժած հույն փախստականներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքները ղեկավարելու համար։
Էլիոթը կղզիներում բացել էր կլինիկաներ, հիվանդանոցներ, կաթի կետեր և ապաստարաններ։ Նա նաև Մակրոնիսոս կղզում ստեղծել էր կարանտինային կայան՝ ջրծաղկի, տիֆի և այլ հիվանդությունների տարածումը կանխելու համար։ Greek Reporter-ի փոխանցմամբ՝ այդ աշխատանքը հազարավոր կյանքեր է փրկել և կանխել համաճարակների բռնկումը։
Էլիոթի աշխատանքի համար Հունաստանի կառավարությունը նրան պարգևատրել էր Պատերազմական խաչով՝ դարձնելով նրան այդ պարգևին արժանացած առաջին կինը։ Նա նաև արժանացել էր Սուրբ Գևորգի ոսկե և արծաթե խաչերի՝ Հունաստանում հիվանդանոցներ հիմնելու և վիրավոր հույն զինվորներին բուժելու համար։
Պատմաբան Ջինջեր Փեդերսենը 2025 թվականին հրապարակել էր Unbreakable Healer: The Remarkable Life of Dr. Mabel E. Elliott կենսագրական գիրքը։ Վերահրատարակվել է նաև Էլիոթի երկու սկզբնաղբյուրը՝ Children of Ararat հուշագրությունը և Siege Diary of the Battle of Marash պատերազմական օրագիրը։






































