Բաքվի վերաքննիչ դատարանում կայացած դատական նիստի ժամանակ 7 հայ գերի հայտարարել է իրենց անմեղության մասին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գերիների վերաքննիչ բողոքների նիստի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներում։
Գերիներ Էրիկ Ղազարյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի և Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները դատարանից խնդրել են արդարացնել վերջիններիս։ Գերիները ևս հայտարարություններում նշել են իրենց անմեղության մասին և համաձայնել պաշտպանության կողմի փաստարկների հետ։
Նշվում է, որ հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 30-ին։
Հունիսի 16-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Մնացականյանի փաստաբանը միջնորդել էր արդարացման դատավճիռ կայացնել։
Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։






































