«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ձևավորվելիք ընդդիմության խորհուրդը, որի մասին նա խոսել է այսօր, կդիմի Ռուսաստանի իշխանություններին՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումների հարցով։ Կարապետյանի հարցազրույցը խմբագիրների հետ՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նրա խոսքով՝ դիմելու են Ռուսաստանին, որպեսզի կարողանան ձգտել կանգնեցնել տնտեսական արգելքների գործընթացը։ Կարապետյանը նշել է, որ գործող իշխանությունները չունեն այդ հարցերը կարգավորելու ո՛չ ցանկություն, ո՛չ հնարավորություն։
«Մենք ՌԴ-ին դիմելու նախաձեռնությունը մեր ձեռքն ենք վերցնելու և փորձելու ենք հասկացնել Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլերով տուժում են հայ ժողովուրդը և բիզնեսմենը»,- շեշտել է նա։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Կարապետյանի խոսքով՝ ՀՆԱ-ի շուրջ 25%-ը կապված է ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության հետ, գյուղատնտեսական արտադրանքի շուրջ 90%-ն ուղղվում է ռուսական շուկա, իսկ դրամական փոխանցումների հիմնական մասը նույնպես գալիս է Ռուսաստանից։
Կարապետյանը պնդել է, որ Եվրոպայի հետ առևտրաշրջանառության ծավալները չեն կարող փոխարինել ռուսական շուկային, և զգուշացրել, որ գործող քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունն ու մարզերի տնտեսությունը կարող են լուրջ վնասներ կրել։
«Արդեն գյուղատնտեսական ձեռնարկությունների մեծ մասն իրենց աշխատողներին անվճար արձակուրդ է ուղարկել։ Թե որքան արագ կկարողանան վերագործարկել իրենց աշխատանքը, մենք չգիտենք»,- հայտարարել է Կարապետյանը։
Կարապետյանը, խոսելով եվրոպական շուկաների մասին, նշել է, որ Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չեն կարող փոխարինել ռուսական շուկային։
«Եվրոպական շուկաների հետ շրջանառությունը 2 կամ 3 անգամ ավելի փոքր է, քան իմ ընկերությունների՝ Հայաստանի հետ ունեցած շրջանառությունը»,- ասել է նա։
Կարապետյանը նաև քննադատել է իշխանությունների տնտեսական քաղաքականությունը և հեգնանքով հայտարարել․ «Միգուցե հիմա էլ ամբողջ կառավարությունով մի վագոն վարունգ դիմավորեն Ադրբեջանից ու կհպարտանա՞ն դրանով»։
Նրա խոսքով՝ ներկրվող ապրանքների հաշվին հնարավոր չէ ապահովել տնտեսության կայուն զարգացումը։ Նա պնդել է, որ երկրի տնտեսական աճը պայմանավորված չէ կառավարության գործունեությամբ և իշխանություններին մեղադրել է տնտեսության զարգացման փոխարեն միայն ծախսային քաղաքականություն վարելու մեջ։
Կարապետյանը հավելել է, որ իր թիմի ծրագրերը, այդ թվում՝ 300 հազար աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությունը, նպատակ ունեին նվազեցնել արտաքին կախվածությունը և ապահովել տնտեսական զարգացում։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Հունիսի 4-ին ԵՄ-ից հայտնել էին, որ ՀՀ-ին ավելի քան 50 մլն եվրո կտրամադրեն՝ ՌԴ-ի սահմանափակումների ֆոնին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Կարդացեք նաև
Ծաղիկները սպասում են ընտրություններին
300 հազար նոր աշխատատեղ ու արդյունաբերացում. Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան





































