Ռուսական կողմի՝ ՀՀ-ից ներմուծումները սահմանափակելու ֆոնին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով 6 ամսով երկարաձգվում է մի շարք ջերմատնային տնտեսությունների վարկերի մայր գումարի մարման ժամկետը։
Կառավարության հունիսի 18-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանել է, որ արտոնությունից կկարողանան օգտվել, ընդհանուր առմամբ, 34,5 հեկտար ջերմատնային տնտեսություններ, որոնք կառուցվել են մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը և 2026 թվականին իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։
Փոփոխությունը, ըստ նախագծի, վերաբերում է ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսավարողներին, որոնք ֆինանսական կորուստներ են կրել Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակումների հետևանքով։
Նախատեսվում է լրացուցիչ վեցամսյա արտոնյալ ժամկետ սահմանել թե՛ վարկի մայր գումարի, թե՛ տոկոսների վճարման համար, որոնք նրանց տրամադրվել են ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրով։
Նախարարը պարզաբանել է, որ խոսքն այն ջերմատներնի մասին է, որոնց վարկի մայր գումարի ու տոկոսների մարման արտոնյալ՝ 12-ամյա ժամկետն ավարտվել է աջակցության ծրագրով։ Նա նշել է, որ այս ջերմատները, որոնք արդեն կառուցվել ու արտադրանք են տալիս, վճարում են տոկոսադրույք ու վարկ՝ ի տարբերություն ծրագրից օգտվող մի շարք այլ ջերմատների, որոնց դեպքում այդ գումարը մասնակի դեռ փոխհատուցում է կառավարությունը։
Պապոյանի խոսքով՝ նախագծով այս ջերմատները մայր գումար ու տոկոսադրույք չեն վճարի՝ այդ պարտավորությունը կտեղափոխվի հաջորդ ժամանակահատված (այս պահի դրությամբ՝ 6 ամիս անց-խմբ․)։
Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ փոփոխությունը թույլ կտա մեղմել ռուսական սահմանափակումների ազդեցությունը ջերմատնային տնտեսությունների վրա։
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել նաև«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է կառավարությանը վերապահել Հայաստանում արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների ցանկը հաստատելու լիազորություն։
Փոփոխություններով նաև հստակեցվում են այդ նյութերի ներմուծման, արտահանման, իրացման և օգտագործման, ինչպես նաև գրանցման ու շրջանառությունից հանելու ընթացակարգերը։
Նախագծի հիմնավորման մեջ փոփոխությունները չեն կապվում Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակումների հետ։ Փաստաթղթում նշվում է, որ դրանք միտված են գործող օրենքի կիրառման հստակեցմանը, թեև վերջին շրջանում «Ռոսսելխոզնադզորը» հենց բուսասանիտարական խնդիրների պատճառաբանությամբ էր սահմանափակումներ կիրառել ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Հունիսի 4-ին ԵՄ-ից հայտնել էին, որ ՀՀ-ին ավելի քան 50 մլն եվրո կտրամադրեն՝ ՌԴ-ի սահմանափակումների ֆոնին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Կարդացեք նաև
Ծաղիկները սպասում են ընտրություններին






































