ՀՀ կառավարությունը ևս 6 ամսով կերկարաձգի երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը և կշարունակի ներմուծման լիցենզավորման գործընթացը, նշված է նախագծի մեջ։
Նպատակը տեղական շուկայում Հայաստանում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելն է։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 23-ին և կգործի մինչև 2027 թվականի հունվարի 23-ը։
Նախագծով առաջարկվում է սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ։ Կառավարությունը նշում է, որ կարգավորումը չի խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծմանը, միաժամանակ ապահովում է ներքին շուկայի պահանջարկը և նպաստում տեղական արտադրողների ու ներմուծողների միջև առողջ մրցակցությանը։
Նախագծում հիշեցրել են, որ 2025 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ ցեմենտի ներմուծման 6-ամսյա ժամանակավոր սահմանափակումներ էին կիրառվել։ Ցեմենտի ներմուծումը «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով իրականացվում է լիցենզիաների հիման վրա։
Կառավարությունում նշել են, որ գործող կարգավորումների արդյունքում տեղական շուկայում որոշ չափով մեղմվել են Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները, սակայն 2025 թվականին ցեմենտի արտադրությունը կազմել է 0,94 մլն տոննա՝ 2024 թվականի համեմատ նվազելով 10,4%-ով։
Միաժամանակ, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 751,3 հազար տոննա ցեմենտ, ինչը 29,2%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Կառավարության գնահատմամբ՝ ներմուծման աճը նվազեցրել է տեղական արտադրողների մրցունակությունը և վատթարացրել նրանց ֆինանսական վիճակը։





































