Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայանները փակվել են քաղաքացիական օդանավերի թռիչքների համար, հայտնել է «Ռոսավիացիան»։
Գերատեսչությունից նշել են, որ սահմանափակումները մտցվել են անվտանգության ապահովման նպատակով։
ՌԲԿ-ն հիշեցրել է, որ հունիսի 18-ին Մոսկվայի բոլոր օդանավակայաններն արդեն մեկ անգամ դադարեցրել էին օդանավերի ընդունումն ու թռիչքների իրականացումը։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ դադարները կապված են ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Մոսկվայի տարածաշրջանի վրա ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի հետ։
Ավելի ուշ «Ռոսավիացիան» հայտնել է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վերացվել են ավելի վաղ սահմանված սահմանափակումները։
Միաժամանակ, «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» (Ռամենսկոյե) օդանավակայաններն օդային տարածքի սահմանափակումների պատճառով շարունակում են թռիչքներ ընդունել և ուղարկել համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է արդեն ավելի քան չորս տարի՝ 2022 թվականի փետրվարից։ Այդ ընթացքում ԱԹՍ-ների հարձակումների սպառնալիքի պատճառով Ռուսաստանում բազմիցս սահմանափակվել է օդանավակայանների աշխատանքը։
Թարմացված է՝ 18.05.2026 | 12։20






































