Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի պաշտպանական կողմի բողոքը և կալանքը փոխարինել երկամսյա տնային կալանքով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Գալստանյանին արգելել է շփվել տվյալ քրեական վարույթով անցնող մյուս մեղադրյալների հետ։ Միևնույն ժամանակ՝ դատարանը թույլատրել է Գալստանյանին հունիսի 7-ին մեկնել Իջևան՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումն ապահովել է Armenia Today-ի յութուբյան ալիքը։
Որոշումն ստանալու պահից 15-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։
«Տավուշը հանուն հայրենիքի» («Սրբազան պայքար») ընդդիմադիր շարժման առաջնորդ Գալստանյանն իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր 2025 թվականի ամռանը։ Քննչական կոմիտեն նրան և նրա մի շարք կողմնակիցներին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, որոնք ներառում են իշխանությունը զավթելու նախապատրաստություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում ու ահաբեկչություն։ Բագրատ Սրբազանը և նրա կողմնակիցները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով, որ հետապնդումը քաղաքական բնույթի է։






































