Պաշտպանության նախարարության աշխատակիցներին հրահանգվել է սոցիալական ցանցերում «լայքել» և տարածել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն գրառումները, որոնք առնչվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապատետյանին և նրա հարազատներին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում մայիսի 20-ին Պապիկյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդին, հարցադրում էր արել, թե ինչո՞ւ չեն նրա և հարազատների «որդիները զոհվել պատերազմում»։ Հաջորդ օրը նա խմբագրել էր իր ասածը՝ նշելով, որ հարցադրումն այն մասին էր, որ Կարապետյանները չեն զորակոչվել բանակ, չեն մասնակցել ռազմական գործողություններին։
Պապիկյանի այս հայտարարությունները հաջորդել էին մայիսի 16-ին Տաշիր քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։
«Ուժեղ Հայաստանի» համակիրները «Սամվե՛լ, վարչապետ» վանկարկումներով էին դիմավորել իրենց մոտեցող Պապիկյանին և ՔՊ աջակիցներին։ Մի քանի պտույտ կատարելուց հետո իշխող ուժի համակիրներին ուղեկցող մեքենաներն ուղղվել էին դեպի «Ուժեղ Հայաստանի» աջակիցները և փորձել էին ճեղքել նրանց շղթան, որից հետո Պապիկյանը դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով վերականգնել կարգուկանոնը։ Դրանից հետո ՔՊ շարասյունը կրկին շարժվել էր դեպի Կարապետյանի համակիրներ և, բախվելով նրանց հետ, փորձել ճեղքել շարքերը։ Միջադեպից հետո դաշինքի 10 համակիր էր ձերբակալվել։




































