Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիներին ընտրական իրավունքից զրկելը բացատրել է արցախցիների հակաիշխանական տրամադրություններով։
Փաստաբանը պարզաբանել է առաջիկա ընտրություններին մասնակցելու քայլերը, հայտնել, որ նմանատիպ պահանջով 4 հայցից 3-ը բավարարվել է դատարանի կողմից։ Նա նշել է, որ արցախցիները կազմում են ընտրողների ընդհանուր թվի 4-5%-ը, սակայն նրանց ձայները կարող են վճռորոշ լինել ընտրությանը մասնակցածների թվի առումով։ Նա հավելել է, որ սա մտահոգություն է առաջացնում իշխանությունների շրջանում, ովքեր հասկանում են, որ արցախցիները չեն քվեարկի գործող վարչապետի օգտին։
Երիցյանը հայտնել է, որ վաղվանից սկսած՝ Երևանի Արցախի ներկայացուցչությունում կստեղծվի աշխատանքային խումբ՝ արցախցիներին ընտրություններին մասնակցելու հարցում օգնելու համար։ Մասնավորապես, խումբն անվճար կօգնի նրանց դիմումներ ներկայացնել Ներքին գործերի նախարարություն՝ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար, և եթե նրանց դիմումները մերժվեն, կներկայացնի համապատասխան դատական հայցեր։
Երիցյանը կարծիք է հայտնել, որ դատարանի որոշումների հիման վրա ցուցակներում ընդգրկվելու ամբողջ գործընթացը կտևի մի քանի օր։ Նա նաև նշել է, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում արցախցի նախկին բարձրաստիճան 12 զինվորական ստացել է ծանուցում իրենց հատկացված ծառայողական բնակարանն ազատելու մասին։
Նրա խոսքով՝ ծանուցման մեջ ոչ մի հիմք, պատճառ չի նշվում, ասվում է միայն, որ այն տրամադրվել է սխալմամբ։ Փաստաբանը հայտնել է արցախցիների իրավունքների խախտումների մասին և նշել, որ առանց նրանց կարծիքը հաշվի առնելու ՀՀ կառավարությունը հափշտակել է արցախցիների կուտակային կենսաթոշակների գումարը, շատերը թոշակի անցնելու, զինվորական ծառայություն հետ կապված խնդիրներ ունեն։
Ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ Արցախից բոլոր բռնի տեղահանվածներն օրինական իրավունք ունեն մասնակցելու Հայաստանում կայանալիք ընտրություններին՝ անկախ քաղաքացիության պաշտոնական ձևակերպման փաստից կամ «070» կոդով անձնագրի առկայությունից։ Նա ընդգծել էր, որ այս հարցով արդեն կան իրավական նախադեպեր, և Հայաստանի վարչական դատարանը մայիսին օրինական ուժի մեջ մտած երեք որոշում է կայացրել։
ՀՀ ՆԳՆ-ն հերքել էր Արցախի «070» կոդով անձնագրերով ՀՀ ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունը՝ հավելելով, որ կբողոքարկի դատարանի որոշումները։




































