«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ որոշումը բողոքարկվելու է։ Նա մանրամասնել է, որ քննիչների միջնորդությունը չի բավարարվել միայն լիազոր անձանց միջոցով ընտրություններին մասնակցելու մասով և Թևանյանը կարող է ներկայացուցիչների միջոցով մասնակցել ընտրություններին։
Օրբելյանն ավելի վաղ հայտնել էր, որ Թևանյանի դեմ առաջադրված մեղադրանքում պետական գաղտնիք հավաքելու կամ փոխանցելու դրվագ չկա, ըստ այդմ՝ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան։
Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին հայտարարությունից մեկ օր անց։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին՝ պատգամավոր լինելու ժամանակ խորհրդարանի՝ 2024-ի փակ նիստի տվյալների հնարավոր հրապարակման պատճառով։
Թևանյանն անհեթեթ էր անվանել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ 2023-ին մանդատը վայր էր դրել, և 2024-ին ֆիզիկապես չէր կարող ԱԺ-ում լինել։




































