Մինչև 12 տարեկան երեխաներ և հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ծնողներն աշխատավայրում կունենան «ծնողական ժամի» հնարավորություն։ Որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 21-ի նիստում։
Մեկ կամ երկու երեխա ունեցող երեխաների ծնողներին կտրամադրվի 30 րոպե, երեք և ավելի երեխաներ ունեցող ծնողներին՝ մինչև 1 ժամ, իսկ հաշմանդամ երեխաների ծնողներին կտրամադրվի 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։ Կարգավորումը տարածվելու է և՛ պետական, և՛ մասնավոր աշխատատեղերի վրա՝ առանց ժամերի կուտակման հնարավորության։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է խթանվելու մասնավոր բիզնեսը՝ հաշվի առնելով, որ աշխատաշուկայում մեծ մրցակցություն է ու հաշմանդամ երեխա ունեցող ծնողները կարող են մնալ առանց աշխատանքի, քանի որ մասնավորն իր հաշվին է նրա աշխատանքային մեկ ժամը վճարելու։ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանն ասել է, որ մտահոգող բոլոր հարցերի պատասխանները կտրվեն ԱԺ հանձնաժողովում հարցը քննարկելու ժամանակ։
«Ծնողական ժամի» տրամադրումը հնարավորություն կտա աշխատող ծնողներին ավելի ճկուն կերպով կազմակերպել իրենց գրաֆիկը՝ առանց ֆինանսական կորուստների: Այդ ժամանակահատվածը ներառվելու է աշխատաժամանակում, և դրա ընթացքում աշխատավարձը լիովին պահպանվելու է:
Բազմազավակ ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ մեծացնող ծնողների համար ծնողական ժամն ավելի երկար կլինի, նշված է հիմնավորման մեջ։
ԱՍՀ նախարարությունից ակնկալում են, որ փոփոխությունների ընդունումը թույլ կտա ընդլայնել աշխատողների սոցիալական երաշխիքները, նվազեցնել աշխատավայրերում ուշացումներն ու կարգապահական վեճերը, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում կնպաստի աշխատուժի արտադրողականության աճին և ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը:






































